Իրանական «Ահվազի ազատագրման համար պայքարի Արաբական շարժում» անջատողական խմբավորման երեք անդամ  Դանիայի դատարանի կողմից մեղավոր են  ճանաչվել Իրանում ահաբեկչություն հրահրելու եւ սաուդյան հետախուզության համար տեղեկություններ հավաքելու համար, հաղորդում է AP-ն:

Ըստ Ռոսքիլի դատարանի հայտարարության՝ հայտնաբերվել է, որ նրանք տեղեկություններ էին հավաքում Դանիայում եւ արտերկրում անձանց  եւ կազմակերպությունների մասին, ինչպես նաեւ  իրանական ռազմական գործերի վերաբերյալ։ Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությանը:

Տղամարդկանց սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում։ Ռոսքիլի շրջանային դատարանը հայտարարել է, որ դատավճիռը կհայտարարվի մարտին։

Երեքն էլ ձերբակալվել են 2020 թվականի փետրվարին Ռինգսթեդում։

Դատարանը հայտարարել է, որ դատավարությունների մեծ մասը տեղի է ունեցել փակ դռների հետեւում ՝ «օտարերկրյա տերությունների հետ կապերի եւ մեղադրյալների եւ այլ անձանց անվտանգության նկատառումներով»:  Տղամարդիկ իրենց մեղավոր չեն ճանաչել, հավելել է դատարանը։