Շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է վարչապետի աշխատակազմում նոր նշանակումների մասին նախորդ շաբաթ մի շարք հրաժարականներից հետո: Դաունինգ սթրիթում փոփոխությունները կապված են վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ, որը լրջորեն թուլացրել է կառավարության ղեկավարի դիրքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ թիմում առանցքային պաշտոններում փոփոխությունը կօգնի բարելավել Դաունինգ սթրիթի աշխատանքը, կուժեղացնի կառավարության եւ մեր գործընկեր պատգամավորների դերը, ինչպես նաեւ կամրապնդի առաջնահերթ խնդիրների կատարումը, որը երկրում կյանքի մակարդակի կայունացումն է»,-նշել է Ջոնսոնը, որի հայտարարությունը հրապարակվել է կառավարության կայքում:
Այս շաբաթ ավելի վաղ իրենց պաշտոններն ազատել են Դաունինգ սթրիթում աշխատակազմի ղեկավար Դեն Ռոզենֆելդը, ներքին քաղաքականության վարչության ղեկավար Մունիր Միրզան, հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ջեք Դոյլը, վարչապետի անձնական քարտուղար Մարտին Ռեյնոլդսն ու իրավահավասարության հարցերով Ջոնսոնի խորհրդական Ելենա Նարոզանսկին: Շաբաթվա սկզբում վարչապետը խոստացել էր կարգավորումներ կատարել իր աշխակազմում եւ փոխել դրա աշխատանքի կազմակերպումը երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք պարբերաբար անցկացվել են Դաունինգ սթրիթում խիստ կորոնավիրուսային սահմանափակումների ընթացքում:
Այժմ հայտնի է դարձել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել խորհրդարանական Սթիվ Բարքլին, որը կհամատեղի նոր պաշտոնը կառավարության քարտուղարության ղեկավարի եւ Լանկաստերի հերցոգության կանցլերի պաշտոնների հետ: Նրան հանձնարարվել է ղեկավարել վարչապետական աշխատակազմի եւ կառավարության քարտուղարության ինտեգրման գործընթացը: Բի Բի Սի-ի նախկին լրագրող Հիթո Հարին պատասխանատու կլինի հասարակայնության հետ կապերի համար Ջոնսոնի նոր թիմում: Հարին զբաղեցրել էր նույն պաշտոնը, երբ ներկայիս վարչապետը Լոնդոնի քաղաքապետ էր 2008-2016 թվականներին:




























