ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցությունները բովանդակալից եւ օգտակար է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվա մեր բանակցությունները պարոն Մակրոնի հետ ավանդաբար գործնական բնույթ կրեցին, բովանդակալից էին ու օգտակար»,- հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը։
Նրա խոսքով, քննարկվել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցեր։ Նա նշել է, որ անվտանգության երաշխիքների առաջարկներում Ռուսաստանի Դաշնության հիմնական մտահոգությունները անտեսվել են։ Պուտինը ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունն անվանել է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների կողմից դաշինքի սկզբունքների ազատ մեկնաբանություն։





























