Ադրբեջանից մասնագետները մասնակցում են Bayraktar TB3 նոր ԱԹՍ-ների մշակմանը։ Այս մասին հայտարարել է TEKNOFEST փառատոնի վարչության ղեկավար, T3 հիմնադրամի ղեկավար Սելջուկ Բայրաքթարը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նոր Bayraktar TB3 ԱԹՍ-ն կարող է մնալ օդում մյուս ԱԹՍ-ներից ավելի երկար՝ մինչեւ 50 ժամ՝ ընդդեմ «Աքընջի» ԱԹՍ-ի 26 ժամ եւ Bayraktar TB-2-ի 27 ժամ ցուցանիշի։   

«Այս պահին աշխատանքներ են տարվում Bayraktar TB-3-ի նախատիպի կատարելագործման ուղղությամբ։ Հուսով ենք՝ Bayraktar TB3-ն իր առաջին թռիչքը կիրականացնի արդեն 2022 թվականին»,- ասել է Բայրաքթարը, փոխանցում է Anadolu-ն։

T3 հիմնադրամի ղեկավարը Bayraktar TB-2-ն անվանել է իր դասի մեջ լավագույնը եւ հաստատել, որ Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո դրա նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։ Ըստ նրա՝ այդ ԱԹՍ-ն կարող է արդյունավետ լինել ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ հրդեհների մարման, երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում։