Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը պարզեց մի բան՝ Բեռլինն ու Վաշինգտոնը դեռեւս տարաձայնություններ ունեն, երբ խոսքը Ռուսաստանի մասին է, DW-ին ասել է արտաքին քաղաքականության փորձագետ Գերհարդ Մանգոտը։

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Շոլցը փորձում էր ընդգծել Գերմանիայի՝ որպես դաշնակցի հավատարմությունը ուկրաինա-ռուսական աճող ճգնաժամում:

Չնայած նրանք միասնական ճակատ էին ներկայացնում, նրանց հայտարարությունները բացահայտեցին նաեւ Բեռլինի եւ Վաշինգտոնի տարաձայնությունները Ռուսաստանի հարցում, ասել է Մանգոտը:

Երկուշաբթի օրը Շոլցը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որով, ըստ Մանգոտի, կանցլերը փորձել է ցույց տալ, որ Գերմանիան «հուսալի դաշնակից» է, երբ խոսքը վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին: Շոլցը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք «միասին են գործելու», եւ դաշնակիցները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ «հեռուն գնացող» միջոցները։

Սակայն, ըստ ավստրիացի փորձագետի, երկու կողմերի միջեւ կան տարաձայնություններ՝ հատկապես «Հյուսիսային հոսք 2» գազատարի եւ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցում։ «Իրոք նկատելի էր, որ այն բանից հետո, երբ Բայդենը հաստատեց, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում, Շոլցը չցանկացավ ուղղակիորեն դա հայտարարել»,- ասել է Մանգոտը:

Ավստրիացի փորձագետը կարծում է, որ պարզ չէ, թե արդյոք Գերմանիան իսկապես պատրաստ կլինի փակել խողովակաշարի նախագիծը։ «Մյուս կողմից, Բայդենը հստակ հասկացրել է, որ նույնիսկ եթե գերմանացիները չանեն դա, իրենք միջոցներ ունեն այն կանգնեցնելու եւ կկանգնեցնեն»,- հավելել է Մանգոտը:

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ Գերմանիան եւ ԱՄՆ-ը հստակ չեն հայտարարել, թե «ինչ տեսակի պատժամիջոցներ կկիրառվեն ռուսական ներխուժման դեպքում»։ Նա ասել է, որ կարծես թե «անհամաձայնություն» կա ոչ միայն Գերմանիայի եւ ԱՄՆ-ի, այլ նաեւ ՆԱՏՕ-ում մյուս դաշնակիցների միջեւ: