Ադրբեջանը շարունակում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսակցություններով։

«Ադրբեջանը կատարում է տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով իր պարտավորությունները»,- Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Մինչեւ Հայաստանի սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը, որը սկսվել է 2021 թվականին, կատարվել է 24 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը կատարվել է 27 տոկոսով։ «Այդ թվերը ցույց են տալիս Ադրբեջանի պատասխանատու մոտեցումը, մինչդեռ Հայաստանում հակասական հայտարարություններ են արվում»,- ասել է նա։  Նման փաստարկներն ու տոնայնությունը կարող են մոլորեցնել տարածաշրջանային իրավիճակին անծանոթ ընթերցողին։ Բայրամովը պաշտոնապես չի կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից այդքան սիրված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ թեպետ խոսել է հենց դրա մասին։ Իրականում Ադրբեջանում «հաղորդակցություն» հասկացությունը նշանակում է բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կապը հայկական տարածքով։ Նախարարի նշած կոնկրետ երթուղիները դրա ապացույցն են։ Տպավորություն է ստեղծվում, որ հաղորդակցությունների բացումը պետք է ձեռնտու լինի բացառապես Ադրբեջանին, իսկ այն, ինչի մասին խոսում է Բայրամովը, ամենաքիչն է հետաքրքրում հայկական կողմին։ Այլ ուղղությունների ապաշրջափակումը, օրինակ՝ Ղազախով, Ադրբեջանում չեն էլ դիտարկում։