Հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փետրվարի 24-ին ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք հանդիպմանը։
«Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստում են, և մեր ակնալիքներն էլ այդպիսին են»,-ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք համաժողովին`Միրզոյանն ասաց․ «Իմացա, որ այդ թեմայով հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում կարճատեւ փոթորիկ է տեղի ունեցել: Ուզում եմ եւս մեկ անգամ հավաստել. ՀՀ վարչապետի՝ Անթալիայում կայանալիք միջոցառմանը մասնակցելու հարցը չի քննարկվել եւ չի քննարկվում։ Կարող եմ թերեւս ենթադրություն անել, որ որոշակի նրբերանգային, կարելի է ասել, սխալ թարգմանության շփոթ է, հետեւանք է սա: Ինչքան հասկացա «նա կմասնակցի»-ն այս դեպքում կարող է եւ երկրին վերաբերել:
Հրավեր ուղակվել է իմ և պարոն Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում չկա։ Այն մեծապես կախված կլինի նաև Վիեննայի հանդիպման արդյունքներից»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։











