Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստեղծվել է Երասխ (Նախիջեւանի հետ սահման) - Ջուղա - Մեղրի - Հորադիզ երկաթուղու վերականգնումը նախապատրաստելու աշխատանքային խումբ։ Այս մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Կառավարության ղեկավարի խոսքով, վերջերս Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Երեւանում։
«Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես պետք է տեխնիկական առաջադրանք կազմենք ուղիների հետագա վերականգնման համար։ Պետք է նաեւ ֆինանսավորում գտնել ապագա ճանապարհի կառուցման համար։ Բացի այդ, անհրաժեշտ է դե յուրե ամրագրել տեխնիկական աշխատանքների շարունակման, երկաթուղային հաղորդակցության իրավական կարգավիճակի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելեց վարչապետը։
Այնուհետեւ, ինչպես նշեց Փաշինյանը, պետք է միջազգային փաստաթուղթ կազմվի։
«Դե իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է վավերացվի խորհրդարանում»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը շտապեց հիշեցնել, որ պայմանավորվածության համաձայն՝ երկաթուղին պետք է գործի այն երկրի ինքնիշխանության շրջանակներում, որով այն անցնում է։
«Սահմանին պետք է մաքսային հսկողություն իրականացվի»,- ընդգծեց Փաշինյանը։











