Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ներկայիս կառավարության նպատակներից է։ Այս մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա եղել է նաեւ նախորդ բոլոր կառավարությունների նպատակը։
«Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս մի կողմից փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ մեկն իր կամքը պարտադրում է հանրապետությանը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը խուսափում է գոյություն ունեցող օրակարգից։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ համապատասխան փաստաթղթով այս ամենի ամրագրումը մեր կառավարության նպատակն է։ Միաժամանակ պետք է նշել, որ դա եղել է նաեւ Հայաստանի բոլոր կառավարությունների նպատակը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակն է։ Սա արձանագրված է բոլոր փաստաթղթերում: Պատրա՞ստ ենք արդյոք մենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այո»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ բանակցությունների նպատակը միշտ եղել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
«Մենք պատրաստ ենք կոնկրետ եւ առարկայական խոսակցության»,- ընդգծեց վարչապետը։




























