Տարածաշրջանում ցանկացած գործընթաց մեր ուշադրության կենտրոնում է, եւ անհրաժեշտության դեպքում մենք արձագանքում ենք։ Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Պատասխանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին հարցին՝ ԱԽ քարտուղարն ասաց. «Դուք գիտեք, որ մենք պարբերաբար գնահատում ենք մեր շուրջ անվտանգության հետ կապված իրավիճակը եւ համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Որոշները կարող են հրապարակային լինել, որոշները՝ ոչ»:

Նշենք, որ հենց այսօր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք գիտենք, թե ինչպես մեզ պահել որպես պետություն որոշակի պահերին։Ղարաբաղյան հաղթանակից հետո մեր հարաբերությունները Շուշիի հռչակագրի ստորագրմամբ բոլորովին այլ փուլ մտան։ Մենք արդեն լիովին դաշնակցային հարաբերություններ ունենք։ Հռչակագրի շրջանակներում ձեռնարկվելիք քայլերն ակնհայտ են, եւ մենք աշխատում ենք դրանց վրա։ Մենք Ադրբեջանի հետ կշարունակենք պաշտպանել միմյանց որպես «Մեկ ազգ՝ երկու պետություն»: Մենք խորացնելու եւ զարգացնելու ենք մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»։