Սանահինի վանական համալիրը 1998 թ. սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ առաքելական եկեղեցուն, սակայն փաստաթղթային ձեւակերպումները չէին կատարվել: 2011 թ. համապատասխան փաստաթղթերով ամրագրվեց Հայ առաքելական եկեղեցու սեփականության իրավունքն այդ հուշարձանի նկատմամբ: Այս մասին այսօր` հուլիսի 21-ին կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Գարեգին Բ-ն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը գործ չունի «Հայաստանի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ»:

Այս կապակցությամբ էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ այսօր պարզաբանումներ խնդրեց մշակույթի նախարարից:

Ըստ Հ. Պողոսյանի` վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն։ Այդ նպատակով հրավիրվել են մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարել են չափագրումներ` հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արեւմտյան հատվածում առկա հիմնական ճաքը: Մասնագետների կարծիքով` հենց այդ ճաքն է առաջացնում  հիմնական խնդիրները հուշարձանի համար: Այս տարվա մայիսին կատարվել են կրկնակի ստուգումներ, որոնց արդյունքները հայկական կողմին կտրամադրվեն մինչեւ սեպտեմբեր:

Հ. Պողոսյանի հաշվարկով` 2012 թ. արդեն կսկսվեն հուշարձանի վերականգնման հիմնական աշխատանքները, որի համար պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել 90 մլն դրամ: