Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիեւ, որպեսզի հանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային։ «Գերմանիան կանգնած է ձեր կողքին»,- ասել է Շոլցը՝ հավելելով․ «Իմ երկիրը տպավորված է Ուկրաինայում ժողովրդավարական շարժումով եւ աջակցում է եվրոպական ուղուն, որով նա ընթանում է 2014 թվականից», հայտնում է DW-ն։

Շոլցը նշել է, որ Գերմանիան մեծ ֆինանսական օգնություն է տրամադրել Ուկրաինային, որպեսզի նրան ավելի դիմացկուն դարձնի «արտաքին ազդեցության» նկատմամբ: Նրա խոսքով, երեքշաբթի օրը Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը Պուտինի համար «կընդգծի» ցանկացած ներխուժման սարսափելի հետեւանքները։ Միաժամանակ նա ասել է, որ Գերմանիան «պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ երկխոսության»՝ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Նա նաեւ նշել է, որ քանի դեռ ՆԱՏՕ-ն ներկայումս բանակցություններ չի վարում Ուկրաինայի անդամակցության շուրջ, տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանը բարձրացներ այդ հարցը։

Զելենսկին նշել է, որ իր երկիրը շարունակում է ձգտել անդամակցել դաշինքին։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաեւ Գերմանիայի համար «Հյուսիսային հոսք 2» գազատարի զգայուն հարցին՝ ընդունելով, որ նախագծի վերաբերյալ գնահատականների հարցում Կիեւի եւ Բեռլինի միջեւ տարաձայնություններ կան։ «Մենք հստակ հասկանում ենք, որ սա աշխարհաքաղաքական զենք է»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Գերմանիան Ուկրաինայի տարածքով գազի տարանցման երաշխավոր պետք է դառնա։ «Առաջարկել եմ էներգետիկ ոլորտում սկսել ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում կորոշվեն էներգետիկ երաշխիքները եւ մեր պետության արդյունավետ աջակցությունը։ Կարեւոր է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման հարցում Գերմանիան դառնա մեր երաշխավորը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը 150 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Կիեւին։