Հանրային վայրեր մուտքը միայն թեստավորված կամ պատվաստված անձանց թույլատրելու՝  Առողջապահության նախարարի հրամանի մասին գրեթե մեկ ամիս անց սննդի շատ կետերում հասցրել են մոռանալ։ Այսօր մենք, որպես հաճախորդ, կարողացանք առանց QR կոդ կամ թեստավորման փաստաթուղթ ցույց տալու մտնել մի քանի սննդի վայրեր։ Աշխատակից, որը պետք է ստուգեր՝ հաճախորդը թեստավորված կամ պատվաստված է, թե՝ ոչ, չկար, եւ բոլոր հաճախորդը հանգիստ առաջ էին գնում։ 

Որոշ սննդի կետերում նշեցինք, որ երեկոյան ամրագրում ենք ցանկանում անել, սակայն չունենք QR կոդ։

Ի տարբերություն հանրային սննդի կետերի՝ մշակութային կենտրոններում հրամանին լուրջ են վերաբերվում եւ չթեստավորված կամ չպատվաստաված քաղաքացիներին ներս չեն թողնում։

Կենտրոններից մեկում էլ առաջարկեցին՝ ծրագրի մեջ ներբեռնել այլ անձիտվյալներ եւ ցույց տալ, քանի որ տվյալները չեն սկանավորվելու։

Հունվարի 22-ից ի վեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հարյուրավոր այցեր է կատարել հանրային սննդի վայրեր։ ՍԱՏՄ-ից նշում են՝ տեղյակ են, որ կան հրամանը շրջանցող տնտեսվարողներ, բայց ռեսուրսները բավարար չեն բոլոր տեղերում լինելու համար։

«Բնականաբար, ամեն օր ամեն տեղ լինել չենք կարող։ Դա ռեսուրսների խնդիր է։ Մենք ուղղակի կարող ենք այնտեղ լինել եւ հետեւել՝ մտնողներից QR կոդ ուզում են, թե՝ ոչ։ Հստակ քաղաքացուն մոտենալու իրավասություն մենք չունենք, դրա համար մեր այցելությունները լինում են ոստիկանների հետ, որովհետեւ իրենք իրավունք ունեն հարցնելու քաղաքացուն՝ ինքը թեստավորված կամ պատվաստված է, թե՝ ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Հանրային սննդի կետերում հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչ օրս 35 խախտում է արձանագրել, մշակությաին կետերում եւ մարզասրահներում միայն 1 տուգանքի որոշում է կայացվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։