Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորների՝ Կապույտ մզկիթն ադրբեջանական ներկայացնելուն:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Գրեթե վստահ եմ, որ Երևանի՝ իրանական ճարտարապետության գոհար Կապույտ մզկիթ այցելած և սոցցանցերում սադրիչ գրառումներով հանդես եկած Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչը նույնիսկ չգիտե էլ, թե ինչպես պետք է աղոթի իրական հավատացյալ շիա մահմեդականը։
Նշված բաշիբոզուկին պետք է հիշեցնել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բանտերում հենց այս պահին անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ, որոնք խղճի բանտարկյալներ են և զրկված են, դիցուք, հենց Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանի մզկիթներում աղոթելու հնարավորությունից, որոնցում, ի դեպ, Բաքվի բռնապետի անվտանգության ուժերը պղծել էին շիայական սգասացության դրոշները։
Ցանկացած երեսպաշություն և լկտիություն պետք է ինչ-որ սահման ունենա, սրանցը՝ կարծես չունի»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։
«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան որ գիտենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են», - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ մզկիթն իրանական է։ Ադրբեջանը պարբերաբար փորձում է «յուրացնել» այն, ի թիվս այլ բաների՝ դրանով հիմնավորել Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունները։





























