Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում հուլիսի 22-ին վթարի ենթարկված  ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող եւ Երեւանի կենտրոնական հոսպիտալ տեղափոխված 12 զինծառայողներից առավել ծանր է երկուսի առողջական վիճակը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Այդ երկու զինծառայողների կյանքին վտանգ է սպառնում, բայց Դավիթ Կարապետյանի խոսքով` բժիշկները ամեն ինչ անում են նրանց կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Մամուլի քարտուղարը նշեց, որ Երեւանի կենտրոնական հոսպիտալ տեղափոխված մյուս 10 զինծառայողները ստացել են թեթեւ կամ միջին ծանրության վնասվածքներ եւ այժմ ապաքինվում են: Նրանք գտնվում են հոսպիտալի տարբեր բաժանմունքներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի մոտակայքում հուլիսի 22-ին, վթարի էր ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանաքով մահացել էր երկու զինծառայող, մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներ:

Մահացած զինծառայողներն են «Ուրալի» վարորդ, պայմանագրային զինծառայող 40-ամյա Նորայր Ռազմիկի Հակոբյանը (Եղեգնաձորի զինկոմիսարիատ) եւ ժամկետային զինծառայող 20-ամյա Գեղամ Դավիթի Դավթյանը (Շահումյանի զինկոմիսարիատ):