Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները զգալիորեն մեծացրել են հնարավորությունը, որ երկիրը դեֆոլտ կհայտարարի՝ դոլարային եւ պետական ​​այլ պարտքերի գծով, նախազգուշացրել են JPMorgan-ի վերլուծաբանները։

Ռուսաստանն այս ամիս պետք է մարի ավելի քան 700 միլիոն դոլարի չափով պետական ​​պարտատոմսերը: Թեեւ տեսականորեն այն բավականաչափ պաշարներ ունի պարտքը մարելու համար, գործնականում որոշ ակտիվների եւ այլ միջոցների սառեցումը կարող է ազդել նրա վճարունակության վրա: 

«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները զգալի խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի համար՝ արտասահմանում պարտատոմսերի վճարումներ կատարելու համար»,- ասվում է JPMorgan-ի՝ հաճախորդներին ուղղված գրառման մեջ:

«Պատժամիջոցները զգալիորեն մեծացրել են ռուսական պետական ​​պարտատոմսերի դեֆոլտի հավանականությունը՝ պինդ արժույթով»,- հավելել են վերլուծաբանները։

Ըստ JP Morgan-ի վերլուծաբանների՝ առաջին վճռորոշ ամսաթիվը մարտի 16-ն է, երբ կմարվի պարտատոմսերի երկու արժեկտրոնը։   

Հայտնի է, որ Ռուսաստանի միջազգային շուկայի պարտքը կամ «կոշտ արժույթը» կազմում է 40 միլիարդ դոլարից մի փոքր պակաս: Թեեւ սա քիչ գումար է տնտեսության համար, սակայն ցանկացած բաց թողնված վճար կհանգեցնի իրադարձությունների շղթայի: 

JPMorgan-ը նշում է, որ մոտ 6 միլիարդ դոլարի վարկային դեֆոլտի սվոփները, որոնք պարտատոմսատերերը գնել են որպես ապահովագրական պոլիս, նույնպես պետք է վերադարձվեն՝ թեեւ գործընթացը կարող է բարդանալ հետագա պարտքային պատժամիջոցների դեպքում: