Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումն Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։ Այս մասին ուրբաթ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որը կարող է երկխոսություն հաստատել երկու կողմերի հետ։ Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նախատեսում էինք երկու արտգործնախարարներին էլ հավաքել Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին, բայց դա մինչեւ պատերազմն էր։ Մենք ցանկանում ենք հանդիպեցնել ուկրաինական եւ ռուսական կողմերին նախարարների մակարդակով։ Լավրովը երեկ հաստատել է իր մասնակցությունը [դիվանագիտական ​​ֆորումին], բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կարող է գալ այս պայմաններով»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։