Ռոսկոմնադզորը որոշում է կայացրել արգելափակել Facebook սոցիալական ցանցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«2022թ. մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook ցանցի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը) Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասվում է կառույցի հայտարարության մեջ:
Ռոսկոմնադզորի տվյալներով՝ 2020 թվականի հոկտեմբերից սկսած՝ գրանցվել է Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ներին եւ տեղեկատվական հարթակներին սահմանափակելու 26 դեպք:
«Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել էր «Զվեզդա» հեռուստաալիքի, ՌԻԱ Նովոստի տեղեկատվական գործակալության, Sputnik, Russia Today, «Լենտա.Ռու» եւ «Գազետա.Ռու» տեղեկատվական ռեսուրսների օգտահաշիվների հասանելիությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռոսկոմնադզորում հայտնել են, որ այդպիսի սահմանափակումներն արգելված են «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» ՌԴ 272 Դաշնային օրենքով, որն ընդունվել է, այդ թվում, տեղեկատվության ազատ տարածման առանցքային սկզբունքների խախտումը թույլ չտալու եւ օտարերկրյա ինտերնետային հարթակներում ռուս օգտատերերի համար ռուսական ԶԼՄ-ների անխոչընդոտ հասանելիությունը ապահովելու նպատակով:





























