Սբերբանկը դիտարկում է «Միր»-UnionPay կոբեյջինգային քարտեր թողարկելու հնարավորությունը, որոնք հնարավոր կլինի օգտագործել արտերկրում գնումներ կատարելու եւ գումար կանխիկացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանկին:

«Սբերբանկը դիտարկում է «Միր»-UnionPay կոբեյջինգային քարտեր թողարկելու հնարավորությունը: Թողարկման ժամկետների մասին մենք հավելյալ կտեղեկացնենք»,-հայտնել են կազմակերպությունից:

«Միր»-UnionPay կոբեյջինգային քարտն ընդունվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ 180 երկրներում, որոնք ապահովում են UnionPay վճարային համակարգի հետ աշխատանքը:

UnionPay-ը 2002թ. ստեղծված միջազգային վճարային համակարգ է: Վճարումների ընդունման ցանցում ներառված են նաեւ Շվեյցարիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Մեքսիկան, Կիպրոսը, Թաիլանդը, Հնդկաստանը, Իսրայելը, Պորտուգալիան, Խորվաթիան, Լեհաստանը, Սերբիան, Հունգարիան, Ավստրիան:

Հիշեցնենք, որ Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ որոշել են սահմանափակել իրենց գործունեությունը Ռուսաստանում: Համարում են, որ ռուսական բանկերի Mastercard եւ Visa քարտերը շուրջ երեք օր կգործեն նախկին ռեժիմով Ռուսաստանում եւ այլ երկրներում:

Ընդ որում՝ ռուսական բոլոր բանկերի Mastercard եւ Visa քարտերը կշարունակեն գործել ՌԴ տարածքում, հաճախորդների՝ այդ քարտերին կցված հաշիվներն ամբողջովին պահպանված են եւ հասանելի: Սակայն սահմաններից դուրս այդ քարտերով գործողությունները հասանելի չեն լինի: Դա վերաբերում է ինչպես օտարերկրյա ինտերնետային խանութներում վճարումների կատարմանն, այնպես էլ արտերկրում այդ քարտերի օգտագործմանը:

Միեւնույն ժամանակ Mastercard եւ Visa քարտերը շարունակում են գործել արտասահմանում ամենուր, որտեղ ընդունվում է «Միր» քարտը: Այսօրվա դրությամբ՝ այդ երկրներն են Թուրքիան, ԱՄԷ-ն, Վիետնամը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: