Թուրքիայից բխող վտանգը ներկա պահին ավելի շուտ հիպոթետիկ է եւ տեսական։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 7-ի ճեպազրույցում ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե կարող է արդյոք Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների համատեքստում որոշակի գործողություններ ձեռնարկել Գյումրիի ռուսական ռազմակայանի դեմ։
Խորհրդարանականի խոսքով՝ նման վտանգներ միշտ կան։ «Չնայած ես նման սցենարը հիպոթետիկ հնարավոր եմ համարում, այնուամենայնիվ, ներկա պահին այն քիչ հավանական է։ Ես դա չէի կապի ռուս-ուկրաինական ներկա ճգնաժամի հետ։ Դե, համենայն դեպս, հիմա»,- ասել է Աղաջանյանը։











