Եվրահանձնաժողովն ամբողջ աշխարհում ապատեղեկատվության տարածումը պատժելու նոր մեխանիզմ կառաջարկի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, հաղորդում է Reuters-ը։
Բորելը Եվրախորհրդարանին ասել է, որ ԵՄ-ն պետք է հնարավորություն ունենա սառեցնել ակտիվները եւ արգելել դեպի ԵՄ ուղեւորությունները նրանց, որոնք պատասխանատու են տեղեկատվության նման չարաշահումների եւ մոլորեցնելու համար։
«Ես կառաջարկեմ նոր մեխանիզմ, որը թույլ կտա մեզ պատժել ապատեղեկատվության այս չարամիտ տարածողներին»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ ինքը չի փորձում որոշել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, այլ փորձում է «պաշտպանել հասարակությանը մանիպուլյացիաներից»:
Նա որպես օրինակ նշել է ռուսական պետական Russia Today հեռուստաընկերությունը եւ Sputnik լրատվական գործակալությունը, որոնք «ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ ռուսաստանցիներին մանիպուլացնելու եւ մոլորության մեջ գցելու նպատակով թույլ են տալիս առաջ քաշել այդ նարատիվը»։





























