Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Իսրայելը ակնկալում են մինչեւ այս տարվա մարտի վերջը համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր կնքել։ Այս մասին Twitter-ի իր էջում չորեքշաբթի օրը հայտնել է հրեական պետությունում ԱՄԷ դեսպան Մուհամմեդ ալ Հաջան։
«ԱՄԷ-ն եւ Իսրայելը հույս ունեն մինչեւ այս ամսվա վերջը համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր կնքել։ ԱՄԷ-ն վստահ է, որ Իսրայելի հետ այս համաձայնագիրը կատալիզատոր կծառայի ավելի մեծ տնտեսական բարգավաճման համար»,- ասել է նա։
Այսօրվա դրությամբ երկու պետությունների միջեւ գործում են օդային երթեւեկության, առանց վիզայի ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, ինչպես նաեւ՝ մի շարք փոխըմբռնման հուշագրեր։
2020թ․ սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմը ԱՄՆ-ի միջնորդությամբ փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արեւմուտքում եռակողմ գործարքը «Աբրահամի համաձայնագիր» անվանումն է ստացել: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին Սուդանը եւ Մարոկկոն են հայտարարել։ Մինչ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ խաղաղության կնքումը հրեական պետությունը արաբական երկրներից միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ է դիվանագիտական հարաբերություններ ունեցել։





























