Գերմանիան հիմնական խոչընդոտն է դարձել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնման ճանապարհին։

Մի քանի դիվանագետների խոսքով, որոնք ծանոթ են այս հարցին եւ այն փաստաթղթերին, որոնք տեսել է Bloomberg-ը, Բեռլինը այն առաջատար պետություն է, որը դիմադրում է SWIFT-ից անջատված ռուսական ֆինանսական հաստատությունների ցանկում «Սբերբանկը» ներառելու փորձերին:

«Սբերբանկը», որը տիրապետում է Ռուսաստանում մանրածախ ավանդների մոտ կեսին, հանվել է նախնական ցուցակից՝ էներգետիկայի հետ կապված գործարքների պաշտպանության համար որոշման շրջանակներում, սակայն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի անդամ երկրների կողմից ուժեղացել են պատժամիջոցների խստացման կոչերը:

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գերմանիան վերջին օրերին տեղի ունեցած դիվանագիտական հանդիպումների ժամանակ բազմիցս կոչ է արել զգուշություն ցուցաբերել այս քայլի հանդեպ։

Կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հրապարակայնորեն կոչ է արել զսպվածություն ցուցաբերել պատժամիջոցների հարցում, որոնք կարող են ազդել էներգետիկայի վրա: Նա այս շաբաթ հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը, նավթի եւ գազի մատակարարումները եվրոպական տնտեսության համար «ծայրահեղ կարեւոր» անվանելով եւ բացատրելով, որ էներգակիրների ներկրումը շարունակելը «գիտակցված որոշում է»:

Գերմանիայի դիրքորոշումը կարող է պառակտում մտցնել Կրեմլին պատժելու դաշնակիցների ջանքերում: Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարգելի ռուսական հանածո վառելիքի, ներառյալ նավթի ներմուծումը, ինչին մասամբ աջակցել է Մեծ Բրիտանիան:

Ուկրաինային զինելու եւ պաշտպանական ծախսերը մեծացնելու Գերմանիայի անակնկալ խոստումից հետո երկիրը կրկին քննադատության է ենթարկվել, քանի որ ձգտում է պաշտպանել իր տնտեսությունը, որը կիսով չափ կախված է ռուսական գազից եւ ավելի քան մեկ երրորդով՝ ռուսական նավթից:

Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցների շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ոչինչ չի կարելի բացառել։

ԵՄ դիվանագետներից մեկն ասել է, որ արեւմտաեվրոպական մյուս խոշոր կառավարությունները, այդ թվում՝ Իտալիան, կմիանան SWIFT-ի վերաբերյալ որոշմանը, եթե միասնական դիրքորոշում լինի։ Ըստ աղբյուրներից մեկի՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես աջակցում են միջոցառմանը:

Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ «Սբերբանկ»-ի եւ SWIFT-ի տեխնիկական աշխատանքները շարունակվում են։ «Գազպրոմբանկը» եւս մի կազմակերպություն է, որը մինչ այժմ ազատված է այս միջոցից։

Գերմանիան մտահոգություն է հայտնել նաեւ նավահանգիստներ մուտքը սահմանափակելու առաջարկների վերաբերյալ՝ պնդելով, որ այդ միջոցը կարող է ազդել այն ապրանքների առեւտրի վրա, որոնք պատժամիջոցների տակ չեն:

Գերմանիան եւ այլ երկրներ դեմ են նաեւ, որ ԵՄ-ն, հետեւելով ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային, արգելի Ռուսաստանից նավթի ներկրումը: Եվրոպական երկրներն ավելի շատ են հենվում ռուսական վառելիքի վրա, քան ԱՄՆ-ը, եւ կառավարությունները մտահոգված են, թե ինչպես դա կազդի ձեռնարկությունների եւ սպառողների վրա, որոնք առանց այդ էլ արդեն տառապում են գների աճից: