Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայի նախագահական նստավայրում Իսրայելի օրհներգի ներքո դիմավորել է Իսրայելի նախագահ Իսահակ Գերցոգին, գրում է Jpost-ը։

Գերցոգը հույս է հայտնել, որ իր այցը սկիզբ կդնի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ դրական եւ առաջադեմ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու գործընթացին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները կարեւոր են Իսրայելի եւ ողջ Մերձավոր Արեւելքի համար, հատկապես այն առնչությամբ, որ «աշխարհակարգը խախտվել է» ուկրաինական ճգնաժամի պատճառով։

Իսրայելի նախագահը հանդիպումից առաջ  նշել է, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում այս տարիների ընթացքում եղել են «դժվար պահեր»։ Չնայած դրան՝ Գերցոգը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել Իսրայելի կապերը մերձավորարեւելյան հարեւանի հետ՝ «գործողության եւ փոխադարձ հարգանքի» միջոցով։

Ակնկալվում է, որ Գերցոգն ու Էրդողանը կքննարկեն իսրայելա-թուրքական հարաբերությունների ընդլայնումը։ Գերցոգը մտադիր է նաեւ Ստամբուլ մեկնել, որտեղ կհանդիպի հրեական համայնքի հետ։

Իսրայելի նախագահն Անկարա է ժամանել ինքնաթիռով, որը զարդարված է եղել ձիթենու ճյուղով, իսկ հիմնակմախքին գրված է եղել՝ «Խաղաղություն», «Համագործակցություն» եւ «Ապագա»։