Ռուսաստանում McDonald's-ի 847 ռեստորանների ժամանակավոր փակումը արագ սննդի ցանցի համար ամսական 50 մլն դոլար կարժենա, հայտնում է AFP-ն։

Ամերիկյան մի շարք խոշոր բրենդներ, այդ թվում՝ Starbucks Corp-ը, PepsiCo Inc-ը եւ Coca-Cola Co-ն, հետեւելով McDonald's-ին, հայտարարել են, որ մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում:

McDonald's-ը հայտարարել է, որ կշարունակի վճարել իր բոլոր 62 000 աշխատակիցներին: Մյուս ծախսերը կապված կլինեն վարձակալված տարածքների եւ մատակարարման շղթաների օպերացիաների հետ, ասել է գլխավոր ֆինանսական տնօրեն Քեւին Օզանը: «Սա իսկապես բարդ եւ դժվար իրավիճակ է այնպիսի համաշխարհային ընկերության համար, ինչպիսին մենք ենք»,- ասել է նա:

Արագ սննդի յոթ այլ ապրանքանիշներ, որոնք 2600-ից ավելի կետեր ունեն Ռուսաստանում, նույնպես կարող են տուժել, եթե որոշեն լքել ռուսական շուկան, նույնիսկ չնայած նրան, որ համարյա բոլոր այս ռեստորանները պատկանում եւ կառավարվում են անկախ ֆրանշիզների կողմից:

Papa John's International Inc-ը հայտարարել է, որ ստիպված է մարել 15,2 մլն դոլարի դեբիտորական պարտքերը՝ կապված Ռուսաստանում իր հիմնական կառավարչի հետ, որը Ռուսաստանում 188 ռեստորան է շահագործում:

Պիցցերիաների ցանցը նույնպես հայտարարել է, որ դադարեցրել է բոլոր գործառնական, մարքեթինգային եւ գործնական աջակցությունը ռուսական շուկային եւ փոխգործակցությունը նրա հետ: