Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դոնբասի պաշտպանության հարցով հատուկ ռազմական գործողության շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի տարբերակներ, մասնավորապես՝ Կիեւի իշխանության ներկայացուցիչների եւ ռուսական պատվիրակության բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։
«Բացի այդ, հատուկ ուշադրություն է հատկացվել Դոնբասի հանրապետություններում եւ Ուկրաինայում մարդասիրական իրավիճակին։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է մարդասիրական միջանցքների կազմակերպման միջոցառումների մասին՝ բախումների վայրերից խաղաղ բնակչությանը տարհանելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























