Ռոսկոմնադզորը կսահմանափակի Instagram սոցցանցի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը) Գլխավոր դատախազության պահանջով, հաղորդում է Ինտերֆաքսը:

Կառույցը պարզաբանել է, որ այդ ցանցում տարածվում են հրապարակումներ  Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերով:

Ռոսկոմնադզորը հիշեցնում է, որ մարտի 11-ին Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը ժամանակավորապես չեղարկում է մի շարք երկրներում Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերի համար ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը:

Այնուհետեւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը խնդրել է Ռոսկոմնադզորին սահմանափակել Instagram-ի հասանելիությունը: Facebook-ը երկրում արգելափակվել է մարտի 4-ից:

Գլխավոր դատախազությունը նաեւ խնդրել է դատարանին Meta Platforms Inc.-ը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն եւ արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում: Ընկերության աշխատակիցների նկատմամբ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծայրահեղականության կոչեր տարածելու եւ ահաբեկչությանն աջակցելու հատկանիշներով: