ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որի նպատակն է բարձրացնել տրանսպորտային համալիրի կայունությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում, գրանցել ռուսական ավիաընկերությունների կողմից լիզինգով գնված օտարերկրյա օդանավերի իրավունքները եւ նրանց տրամադրել թռիչքային պիտանիության վկայականներ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի անդամ Ալեքսանդր Պրոնյուշկինի խոսքով՝ օրենքն ուղղված է պատժամիջոցների կիրառման պայմաններում քաղաքացիական ավիացիայի, ծովային եւ ներքին ջրային տրանսպորտի, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում տրանսպորտային ընկերություններին աջակցելուն։
Դա թույլ կտա ռուսական ընկերություններին պահպանել ինքնաթիռների պարկը եւ հնարավոր դարձնել դրանք շահագործել ներքին երթուղիներով։ Օդանավերի հավաստագրումը կիրականացվի սերտիֆիկացման կենտրոնների եւ փորձարկման լաբորատորիաների ներգրավմամբ, որոնց պահանջները կսահմանի համապատասխան գերատեսչությունը։
Ծովային եւ ներքին ջրային տրանսպորտի ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը տրված է պատասխան սահմանափակումներ այն պետությունների օտարերկրյա նավերի նկատմամբ, որոնք արգելել են ռուսական նավերի մուտքն իրենց նավահանգիստներ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, հաշվի առնելով ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների կիրառման մեծ ռիսկի առկայությունը, անհրաժեշտություն կա կարգավորել հարաբերությունները թվերի վրա հիմնված հաշվառման ոլորտում՝ ռուսական նորմատիվ իրավական ակտի մակարդակով։
Մինչեւ 2023թ․ դեկտեմբերի 31-ը տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտները եւ փոխադրողները պետք է ապահովեն տրանսպորտային անվտանգության ապահովման միջոցների հավաստագրում։





























