Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում լայն համատեքստում եւ մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միասնական կարծիք են հայտնել, որ հակամարտությունն իր թեժ փուլում պետք է հնարավորինս շուտ ավարտվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հակամարտության գոտուց սեփական քաղաքացիներին տարհանելու եւ հումանիտար միջանցքների գործարկման հարցերին։