Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների, այդ թվում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի եւ ռուսական «Առաջին ալիքի» ղեկավար Կոնստանտին Էռնստի դեմ։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատժամիջոցները «ռուսական էներգետիկ ոլորտում նոր ներդրումների երկարաժամկետ արգելք» են ներառում:
Միջոցառումները կազդեն ռուսական խոշորագույն նավթային «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» եւ «Գազպրոմ նեֆտ» ընկերությունների վրա, որոնց կարգելվի գործարքներ կատարել, սակայն ԵՄ անդամները դեռ կկարողանան նավթ եւ գազ գնել դրանցից։

Արգելվելու են նաեւ ներդրումները Ռուսաստանի էներգետիկ նախագծերում, որոնք կառավարվում են ռուսական այլ ընկերությունների կողմից, այդ թվում՝ գազային հսկա «Գազպրոմ»-ի:

Պաշտոնյայի խոսքով՝ ներդրումների արգելքը վերաբերում է ողջ էներգետիկ ոլորտին` միջուկային էներգիայից բացի, քանի որ ԵՄ որոշ երկրներ շարունակում են ապավինել իրենց տարածքում գտնվող ռուսական ռեակտորների համար Մոսկվայի տրամադրած տեխնոլոգիաների վրա: Ռուսաստանից մի քանի տեսակի հանքային հումքի, այդ թվում՝ հանածո վառելիքի եւ պալադիումի արտահանումը, շարունակում է հնարավոր մնալ:

Լիակատար արգելք կսահմանվի նաեւ ռուսական որոշ պետական ​​ձեռնարկությունների հետ գործարքների վրա։

Պատժամիջոցների շրջանակում Աբրամովիչի եւ գործարարների ակտիվները պետք է սառեցվեն, սակայն այդ միջոցի կիրառման վերաբերյալ որոշումները ԵՄ կառավարություններինն են:

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ սեւ ցուցակում հայտնված գործարարներին պատկանող ընկերությունների վրա ազդեցությունը դեռ պարզ չէ, քանի որ ԵՄ մակարդակում չկան հստակ կանոններ, թե ինչպես կարելի է նույնականացնել վերահսկողությունը կամ սեփականության իրավունքը:

Ռուսական պողպատի ներկրման արգելքը, ըստ գնահատականների, կազդի 3.3 միլիարդ եվրո արժողությամբ արտադրանքի վրա:

ԵՄ ընկերություններին այլեւս չի թույլատրվի 300 եվրոյից ավել արժողությամբ շքեղ իրեր արտահանել Ռուսաստան, այդ թվում՝ թանկարժեք քարեր, բյուրեղապակի, խավիար, գինի, պայուսակներ, կաշվե իրեր, կոշիկներ եւ վերարկուներ։ Կարգելվի նաեւ ավելի քան 50 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենաների արտահանումը։ ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ դա պետք է ազդեր ռուսական էլիտայի կենսաձեւի վրա։