Բրիտանուհի Նազանին Զագարի-Ռեթքլիֆը գտնվում է Թեհրանի օդանավակայանում եւ կվերադառնա Մեծ Բրիտանիա Իրանում կալանավորվելուց եւ դատապարտվելուց վեց տարի անց: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Թյուլիփ Սիդիքը։
«Նազանինը Թեհրանի օդանավակայանում է եւ տուն է գնում»,- գրել է Սիդիքը։
Փաստաբան Խոջաթ Քերմանին, ով ներկայացնում է բրիտանուհու շահերը, Reuters-ին ասել է, որ նա շուտով կլքի Իրանը Մեծ Բրիտանիայի մեկ այլ քաղաքացի Անուշե Աշուրիի հետ, որը նույնպես բանտարկված էր Իրանում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։





























