ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել։ «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- ասել է Բայդենը։
Բայդենի այս հայտարարությունը վարչակազմի նախկին դիրքորոշումից շեղում է նշանակում։ Պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բայդենը, նախկինում ձեռնպահ էին մնում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների կատարման մասին հայտարարություններից՝ վկայակոչելով շարունակվող հետաքննությունը, նշում է CNN-ը:
«Նախագահի մեկնաբանություններն արդեն ամեն ինչ ասում են»,- ավելի ուշ հայտարարել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նա նշել է, որ Բայդենն «ամբողջ սրտով էր ասում»: Նրա խոսքով՝ ռազմական հանցագործությունների հետաքննությունը, որն անցկացվում է Պետդեպարտամենտի կողմից, դեռեւս շարունակվում է։
Բայդենը սկզբում պատասխանել է «ոչ», երբ նրան հարցրել են, թե արդյոք Պուտինին ռազմական հանցագործ է համարում, բայց հետո վերադարձել է լրագրողների խմբի մոտ, որպեսզի հստակեցնի, թե ինչի մասին էին իրեն հարցնում։ Հարցը կրկին լսելուց հետո նա դրական պատասխան է տվել։





























