Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակով։

«Ինձ ավելի ու ավելի է անհանգստացնում Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետի եզրին գտնվող ժողովրդի ճակատագիրը, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշարդությունը սեւեռված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի վրա»,- նշել է պատգամավորը։

Մարտի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է Լեռնային Ղարաբաղը սնուցող գազամուղը։ Չնայած սառնամանիքներին՝ գազամուղը մինչեւ այժմ չի նորոգվել, եւ արդեն մեկ շաբաթ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունն առանց գազի է։

«Անհրաժեշտ է շտապ եւ անխոչընդոտ ապահովել վնասված տեղին հասնելու հնարավորությունը եւ առանց հապաղման, արագ վերականգնել մատակարարումը»,- ավելացրել է նա։

Միեւնույն ժամանակ, մարտի սկզբից հաճախակի են դարձել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի ականանետերով մի քանի գյուղերի հրետակոծությունների մասին տեղեկությունները։

Վերջին շաբաթներին ադրբեջանական բանակը բարձրախոսներով այդ գյուղերի բնակիչներին կոչ է անում հեռանալ շրջանից՝ ուժեղացնելով հոգեբանական ճնշումը եւ սպառնալով ուժ կիրառել։

«Ես լրջորեն անհանգստացած եմ այս իրադարձություններով, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակով եւ վճռականորեն դատապարտում եմ ցանկացած թշնամական գործողություն՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ։ Ես կրկնում եմ հակամարտության կարգավորման բանակցությունների վերականգնմանն ուղղված իմ կոչը եւ հիշեցնում եմ, որ ԵՄ-ը պատրաստ է ակտիվացնել օգնությունը վստահության ամրապնդման եւ հումանիտար ու այլ հարցերի լուծման համար»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։