ԱՄՆ-ն Ուկրաինային Switchblade անօդաչու թռչող սարքեր կմատակարարի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Մարտագլխիկներով ոչ մեծ դյուրատար կամիկաձե անօդաչու թռչող սարքերը պայթում են հարվածի ժամանակ: AeroVironment ընկերության տվյալներով՝ ամենափոքր մոդելը կարող է խոցել թիրախը մինչեւ 6 մղոն հեռավորության վրա։ Դեռ պարզ չէ, թե ԱՄՆ-ն ինչ մոդել կուղարկի Ուկրաինա։
Switchblade անօդաչու թռչող սարքերը ավելացվել էին Ուկրաինայի կողմից պահանջվող ռազմական եւ տեխնոլոգիական օգնության ընդարձակ ցանկում այն բանից հետո, երբ ուկրաինացի պաշտոնյաներն անցած շաբաթ ցուցակի նախագծի շուրջ խորհրդակցել են Կոնգրեսի գործընկերների հետ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 միլիոնի դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին: Օգնության փաթեթը ներառում է՝ 800 Stinger զենիթային համալիր, 100 անօդաչու թռչող սարք, ավելի քան 20 միլիոն փամփուշտ եւ նռնականետերի ու ականանետերի զինամթերք, 25 000 զրահաբաճկոն, 25 000 սաղավարտ, 100 նռնականետ, 5000 հրացան, 1000 ատրճանակ, 400 գնդացիր, 400 որսորդական հրացան, ինչպես նաեւ 2000 Javelin, 1000 հակատանկային զենք եւ 6000 AT-4 հակատանկային համակարգ։




























