Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպման կազմակերպման աշխատանքները տեղի կունենան «Դոնբասը Ուկրաինային փոխանցելու բանաձեւ գտնելուց հետո»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Օկուպացված տարածքների հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ երկրի սահմանները հնարավոր չէ փոխել։ Սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է սթափ լինենք մեր դատողություններում։ Դե յուրե Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը Ուկրաինայի մաս են մնում, բայց մենք դրանք դե ֆակտո չենք վերահսկում, այնտեղ աշխատում է ռուսական վարչակազմը։ Հիմնական հարցերից մեկը մնում է այն, թե ինչպես կառավարել այս տարածքները…»:

Հարցին, թե դիտարկվում է արդյոք Դոնեցկն ու Լուգանսկը Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու հնարավորությունը, Պոդոլյակը պատասխանել է․ «Բանակցությունները շարունակվում են։ Մենք իրավաբանական բանաձեւ ենք փնտրում։ Երբ դա գտնվի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահները կշարունակեն բանակցությունները հատուկ հանդիպման ժամանակ»,- ընդգծել է Պոդոլյակը։ «Հենց պայմանների ուղղությամբ աշխատանքն ավարտենք, կսկսենք հանդիպում կազմակերպել։ Դա հաջորդ շաբաթների թեմա կլինի։ Բայց լոկացիան մեզ համար նշանակություն չունի: Հնարավոր է ամեն ինչ, բացի Ռուսաստանից»։