Ուկրաինայի չեզոք կարգավիճակը եւ նրա չանդամագրումը ՆԱՏՕ-ին այն թեմաներն են, որոնց շուրջ Մոսկվան եւ Կիեւը բանակցությունների ժամանակ առավելագույնս մոտեցրել են իրենց դիրքորոշումները, ուրբաթ օրը լրագրողներին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չեզոք կարգավիճակի եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու թեման բանակցությունների առանցքային կետերից մեկն է, սա այն կետն է, որի մասին կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները»,- ասել է նա։
Մեդինսկին նշել է, որ այս կետերում կան նյուանսներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։ «Նյուանսները կապված են այն բանի հետ, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ստանում Ուկրաինան, ի լրումն եղածների, ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուց հրաժարվելու դեպքում»,- պարզաբանել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան ու Կիեւը բանակցություններում «մոտավորապես ճանապարհի կեսին են» Ուկրաինայի ապառազմականացման հարցում։
Կողմերի բանակցային դիրքորոշումների առաջընթացը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի ապազգայնականացումը եւ ապառազմականացումը, ըստ Մեդինսկու, կարելի է տարբեր կերպ գնահատել։
«Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ապա ես կասեի հիսուն-հիսուն: Բանն այն է, որ ես իրավասու չեմ հրապարակել բանակցությունների մանրամասները եւ չեմ անի դա, ոչ կոնկրետ թվեր, ոչ էլ բանակցող կողմերի փաստարկներ, բայց այս մասով մենք մոտավորապես ճանապարհի կեսին ենք»,- ասել է նա։





























