Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ծրագրում միջուկային զենք տեղակայել Բելառուսում։ Նա հայտարարել է, որ հույս ունի, որ իրավիճակն այդքան չի վատթարանա։

«Ես չեմ նախատեսում այստեղ միջուկային զենք տեղակայել կամ միջուկային զենք արտադրել եւ օգտագործել որեւէ մեկի դեմ։ Դա երբեք չի եղել Բելառուսի ղեկավարության եւ իմ ծրագրերի մեջ»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե իրավիճակի վատթարացման դեպքում դեռեւս անհրաժեշտ կլինի արդյոք միջուկային զենք տեղակայել Բելառուսում, Լուկաշենկոն հույս է հայտնել, որ իրավիճակը դա չի պահանջի։

«Ոչ, կարծում եմ՝ նման իրավիճակ չի լինի։ Ըստ իս՝ եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Արեւմուտքում դեռեւս այդքան չեն խելագարվել, որ մենք այդ խնդիրը լուծենք միջուկային զենքի միջոցով»,- ասել է Բելառուսի նախագահը։