Բրազիլիայի գերագույն դատարանը հայտարարել է, որ Telegram-ի ղեկավարությունը պարտավոր է մեկ օրվա ընթացքում կատարել սահմանված պահանջները՝ Բրազիլիայում նշանակել Telegram-ի պաշտոնական ներկայացուցիչ եւ իշխանություններին տեղեկացնել ֆեյքերի դեմ պայքարի ձեռնարկվող միջոցների մասին։ Այս մասին տեղեկացրել է Globo հեռուստաալիքը։
Երկու օր առաջ Բրազիլիայի գերագույն դատարանը վճռել էր արգելափակել մեսենջերը։ Արգելափակման պատճառը կապված էր մեսենջերից ապօրինի կոնտենտը հեռացնելու պահանջի հետ։ Մասնավորապես, պահանջվել էր փակել որոշ ալիքներ՝ կապված գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ, որը Telegram-ի ակտիվ օգտատեր էր ընտրական քարոզարշավում, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես տեղեկացրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, տեղի է ունեցել թյուրըմբռնում ընկերության կորպորատիվ հասցեի եւ Բրազիլիայի գերագույն դատարանի միջեւ էլեկտրոնային նամակների առաքման պատճառով։
«Ըստ երեւույթին, խնդիրն առաջացել է Telegram.org-ում մեր կորպորատիվ հասցեների եւ Բրազիլիայի գերագույն դատարանի միջեւ էլեկտրոնային նամակների առաքման հետ կապված։ Այդ թյուրըմբռնման հետեւանքով դատարանը որոշել է արգելափակել Telegram-ը, եթե պատասխան չլինի»,- ասել է Դուրովը։
Դուրովը նաեւ խնդրել է Բրազիլիայի դատարանին մի քանի օրով հետաձգել վճռի կատարումը, որպեսզի Telegram-ին հնարավորություն տրվի շտկել կատարվածը՝ «Բրազիլիայում ներկայացուցիչ նշանակելու եւ հետագայում, խնդիրների ծագման դեպքում, արագ արձագանքման հիմք ստեղծելու համար»։




























