Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերից՝ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ, գրում է «Իզվեստիա»-ն։
Դեմիրի խոսքով՝ «Թուրքիան ինքն ի վիճակի է որոշել իր քաղաքականությունն ու իր ուղին»։
«Դա մեզ համար քննարկման առարկա չէ։ Ավելի վաղ մենք քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա պարզապես շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Դրանից հրաժարվելը չի էլ քննարկվում»,- պարզաբանեց նա։
Ավելի վաղ Sky News Arabia-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ քննարկում է Ուկրաինա «Ս-400»-ներ ուղարկելու հարցը։
Ռուսաստանը եւ Թուրքիան «Ս-400»-ների մատակարարման առաջին պայմանագիրը ստորագրել էին 2017 թվականին, թուրքական կողմը համալիրները ստացել էր 2019 թվականի ամռանը եւ աշնանը։ ԱՄՆ-ում այս գործարքը բացասական էր ընկալվել. պնդում էին, որպեսզի Անկարան հրաժարվի իր պլաններից:
Անցյալ աշնանը Անկարան եւ Մոսկվան պայմանավորվեցին չհրապարակել «Ս-400»-ների համատեղ արտադրության մանրամասները։





























