Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի հարցում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, այդ դիրքորոշումն արտահայտված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում, որն արվել է 2021-ի հունիսին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի, թե արդյոք ԱԳՆ–ն պատրաստվում է հանդես գալ նոր հայտարարությամբ։
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ավելին ասեմ, իսկապես մենք տեսնում ենք արդեն որերորդ անգամ ճիշտ այնպիսի քաղաքականության դրսևորումներ, որը Դուք նկարագրեցիք, և սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադարձել և անդրադառնում։ Եվ կարծում եմ՝ տեղին է հիշատակել Հաագայի դատարանի միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը, որտեղ շատ հաստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը»,– ասաց նա:
Արձագանքելով՝ Արամ Վարդևանյանը ասաց, որ այն ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ և դրանով գնահատական տվել Շուշիի հռչակագրին, երբ այն եղել է զուտ հռչակագիր, ապա դրանից հետո իրավիճակ է փոխվել, քանի որ այն վավերացվել է, ստորագրվել և հիմա այն իրավաբանական ավելի բարձր մակարդակ է ստացել։ Այնուհետև պատգամավորը հարց հնչեցրեց, թե արդյոք դրան չպետք է հաջորդի ՀՀ ԱԳՆ մեկ այլ դիրքորոշում:
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ պատգամավորի ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա: «Մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, այսպես պայմանական կոչենք, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն ի՞նչ է ավելացնելու և ո՞ւմ օգտին այս խաղի մեջ, եթե սա կարելի է խաղ անվանել»,- ասաց նախարարը:





























