Apple Inc-ը նախատեսում է կրճատել iPhone-ների եւ AirPods-ների արտադրությունը, քանի որ ուկրաինական ճգնաժամը եւ մոտեցող գնաճը սկսում են ազդել պահանջարկի վրա, հայտնում է Nikkei-ն՝ վկայակոչելով աղբյուրները։

Ընկերությունը հաջորդ եռամսյակում նախատեսվածից մոտ 20 տոկոսով ավելի քիչ iPhone SE-եր կարտադրի կամ կկրճատի արտադրության պատվերները մոտ 2-3 միլիոն միավորով՝ սպասվածից ավելի թույլ պահանջարկի պատճառով:

Թերթը հայտնել է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան դանդաղ պահանջարկի պատճառով կրճատել է նաեւ իր AirPods անլար ականջակալների պատվերներն ավելի քան 10 միլիոն միավորով 2022 թվականի համար:

Ավելի վաղ Apple-ը ներկայացրել էր 5G-ի՝ իր iPhone SE-ին միացման հնարավորությունը, որը հիմնականում զարգացող շուկաների գնորդներին ուղղված էժան մոդել է:

Counterpoint Research-ը հայտնել է, որ ավելի վաղ 4G-ով iPhone SE-ին բաժին էր ընկնում iPhone-ի ընդհանուր վաճառքների 12 տոկոսը 2020 թվականի երկրորդ եռամսյակից մինչեւ 2021 թվականի վերջը, ընդ որում Ճապոնիան ամենամեծ շուկան է ԱՄՆ-ից հետո:

Ընկերությունը նաեւ խնդրել է մատակարարներին iPhone 13-ի ամբողջ շարքից նախատեսվածից մի քանի միլիոնով ավելի քիչ միավոր արտադրել, սակայն այդ ճշգրտումը հիմնված էր սեզոնային պահանջարկի վրա: