Սաուդյան Արաբիայի իշխանությունները, որն առանցքային դիրք է զբաղեցնում Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում՝ ՕՊԵԿ-ում, եւ ՕՊԵԿ+ համաձայնագրում, կոչ են արել չխառնել միջազգային քաղաքականությունը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը նավթի արդյունահանման կրճատման եւ համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացման փորձերի հետ, գրում է CNBC-ն։

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի խոսքով՝ ՕՊԵԿ-ի գոյությունը կախված է նավթի համաշխարհային գների կայունացման նպատակներն աշխարհաքաղաքական այլ իրադարձություններից տարանջատելու կարողությունից, նույնիսկ եթե դրանք լայնորեն քննարկվում եւ դատապարտվում են միջազգային հանրության կողմից:

Նաեւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամը նշել է, որ Էր Ռիադը կարող է այլ գործիքներ եւ հարթակներ օգտագործել՝ Ուկրաինայում ռուսական հատուկ օեպրացիայի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու համար։ Նրա խոսքով՝ ՕՊԵԿ-ը եւ ՕՊԵԿ+-ն արդեն բազմիցս համագործակցել են հակամարտությունների մեջ ներգրավված երկրների հետ, օրինակ՝ Իրաքի եւ Իրանի հետ։

Աբդելազիզ բին Սալմանի դիրքորոշումը պաշտպանել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին, ով իր միակ նպատակներն ու առաքելությունն է անվանել նավթի համաշխարհային շուկայի կայունացումը։

CNBC-ն նշում է, որ այս պահին ՕՊԵԿ-ն այն սակավաթիվ միջազգային կազմակերպություններից է մնում, որոնք չեն խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայում հատուկ օպերացիայի մեկնարկից հետո։