Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից կարող է հանգեցնել նրա տնտեսության ռեցեսիայի, հաղորդում է CNBC-ն։
«Ռուսաստանից էներգակիրների մատակարարումներից մեծ կախվածությունն իր հետ բերում է արդյունաբերական ծավալների նվազեցման զգալի ռիսկ եւ նույնիսկ ռեցեսիա՝ ինֆլյացիայի ավելի բարձր տեմպերով»,- ասվում է Գերմանիայի տնտեսական փորձագետների խորհրդի զեկույցում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անցյալ շաբաթ նման մտահոգություն է հայտնել երկրի խորհրդարանին ուղղված ուղերձում՝ ասելով, որ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման անհապաղ արգելքը «կնշանակի մեր երկիրը եւ ամբողջ Եվրոպան ընկղմել ռեցեսիայի մեջ»:
2020թ․ Գերմանիան իր բնական գազի գրեթե 59 տոկոսը ներկրել է Ռուսաստանից, ըստ Եվրոպական վիճակագրական ծառայության։ ԵՄ մյուս երկրներն էլ ավելի մեծ կախվածություն են գրանցել. Չեխիան ներմուծել է ռուսական գազի 86 տոկոսը, իսկ Լատվիան եւ Հունգարիան ներմուծել են ավելի քան 100 տոկոս, այսինքն՝ գնել են ավելի շատ, քան իրենց ներքին կարիքներն են։
Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը գործարարներին եւ տնային տնտեսություններին հորդորել է նվազեցնել էներգիայի սպառումը։ Նա ասել է, որ «յուրաքանչյուր կիլովատ/ժամը կարեւոր է»:
Էներգետիկ կախվածությունը Եվրոպայի համար էլ ավելի անհանգստացնող է դարձել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «ոչ բարեկամական» երկրները բնական գազի համար պետք է վճարեն ռուբլով: Այնուամենայնիվ, արեւմտյան երկրները, ներառյալ Գերմանիան, հայտարարել են, որ դա կլինի պայմանագրի խախտում եւ հորդորել ձեռնարկություններին շարունակել վճարումները եվրոյով կամ ԱՄՆ դոլարով։
«Գերմանիան պետք է անհապաղ անի հնարավոր ամեն ինչ՝ ռուսական էներգակիրների մատարարումները դադարեցնելու դեմ միջոցներ ձեռնարկելու համար եւ արագ վերջ տա ռուսական էներգակիրներից իր կախվածությանը», - ասվում է Գերմանիայի տնտեսական փորձագետների խորհրդի հայտարարության մեջ:
Հաստատությունը կանխատեսում է համախառն ներքին արդյունքի 1,8 տոկոս մակարդակ այս տարի եւ 3,6 տոկոս՝ 2023թ․ Գերմանիայի համար՝ պայմանով, որ էներգիայի մատակարարումները չեն ընդհատվի։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա նրա գնահատականներով այս տարի այն կկազմի 6,1 տոկոս, իսկ 2023թ․՝ 3,4 տոկոս։





























