Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական «Սախալին-2» խոշոր գազային նախագծից, քանի որ չի ցանկանում վտանգել երկրի էներգետիկ անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը։
Կիսիդան ավելի վաղ վստահեցրել է, որ Ճապոնիան կմնա «Սախալին-2» հեղուկացված բնական գազի արտադրության նախագծում, քանի որ նախագծից դուրս գալը սպառնում է տնտեսությանը։
Չնայած նրան, որ Ճապոնիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի եւ գործարարների նկատմամբ, ավելի քիչ ազատություն ունի, քան իր որոշ դաշնակիցներ։ Ճապոնիան ռուսական գազից մեծ կախվածություն է ձեռք բերել 2011թ․ Ֆուկուսիմայի վթարի հետեւանքով իր միջուկային ռեակտորների փակումից հետո:
Հուլիսին կայանալիք ընտրություններից առաջ Կիսիդան ցանկանում է խուսափել վառելիքի ծախսերի կտրուկ աճից եւ էլեկտրաէներգիայի անջատման վտանգից։
Եթե Ճապոնիան ստիպված լինի փոխարինել ռուսական գազը սպոտային շուկայում գնված գազով, դա կնշանակի լրացուցիչ ծախսեր՝ մինչեւ 3 տրիլիոն իեն (25 միլիարդ դոլար), ասել է էներգետիկ գործակալության բարձրաստիճան պաշտոնյան:





























