ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային խնդրել է Ռուսաստանին հեռացնել Մարդու իրավունքների խորհրդից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այն բանից հետո, երբ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ, հաղորդում է Reuters-ը։
Նյու Յորքում 193 անդամներից բաղկացած ԳԱ-ի ձայների երկու երրորդը կարող է հեռացնել Խորհրդի անդամ պետությանը՝ մարդու իրավունքների կոպտագույն եւ համակարգված խախտման համար։
Նշենք, որ ապրիլի 3-ին Ուկրաինայի Բուչա քաղաքից տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են փողոցներում ընկած դիեր։ Կադրերը հրապարակել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Reuters-ը եւ AFP-ը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիեւի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 4-ին հայտարարել է, որ Բուչայում իրավիճակը բեմականացում է, որն Ուկրաինան եւ Արեւմուտքը ցրում են բոլոր ալիքներով եւ սոցցանցերով։
«Օրերս հերթական կեղծ հարձակումն է իրականացվել Կիեւի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց բեմադրություն են կազմակերպել, որը Ուկրաինան եւ Արեւմուտքը ցրում են բոլոր ալիքներով եւ սոցցանցերով»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը նշում է Ուկրաինայում հումանիտար հարցերը քաղաքականացնելու եւ նույնիսկ շահարկելու արեւմտյան երկրների շարունակական փորձերը։ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան Բուչայում տիրող իրավիճակը դիտարկում է որպես սադրանք, որը սպառնում է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը։ Նա նշել է, որ Մոսկվան կպահանջի թեման քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ «Մեծ Բրիտանիան դեռ չի կարողացել հաստատել նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը, սակայն մենք նախագահող երկրից կպահանջենք կատարել իր գործառույթները»,- ասել է Լավրովը։




























