Ռուսական էներգակիրների ներմուծման եվրոպական բարձր մաքսատուրքերը կարող են ավելի արդյունավետ լինել, քան ուղղակի արգելքը, թեեւ նույնիսկ ամբողջական էմբարգոն սահմանափակ ազդեցություն կունենա շատ երկրների վրա, ասել է Ֆրանսիայի Տնտեսական վերլուծության խորհուրդը, հաղորդում է Reuters-ը:

Թեեւ լիակատար էմբարգոն «կառավարելի» կլիներ ԵՄ տնտեսությունների համար, ծախսերը շատ կտարբերվեին՝ հարվածելով Լիտվային, Բուլղարիային, Սլովակիային, Ֆինլանդիային եւ Չեխիային, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետի գրասենյակին կից Խորհուրդը։

Օրինակ, 40 տոկոս մաքսատուրքը կարող է նվազեցնել ազդեցությունը այն երկրների վրա, որոնք առավել ենթարկված են Ռուսաստանից էներգակիրների ներմուծմանը, ցույց է տվել ուսումնասիրությունը:

Բալթյան երկրները եւ Լեհաստանը պահանջում են ամբողջությամբ դադարեցնել էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից, մինչդեռ Գերմանիան դիմադրում է դրան: Սակայն Բեռլինը հայտարարել է, որ աստիճանաբար գնում է դեպի էմբարգո։

Ֆրանսիայի տնտեսական վերլուծության խորհուրդը հայտնել է, որ էներգիայի ամբողջական արգելքը կարող է հանգեցնել համախառն ազգային եկամտի 0,2-0,3 տոկոս կորստի, որը կազմում է 100 եվրո մեկ մեծահասակի համար։

Խորհրդի տվյալներով՝ ԵՄ-ի ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիայում համախառն ազգային եկամտի վրա ազդեցությունը կարող է տատանվել 0,15-3 տոկոսի սահմաններում:

Ֆրանսիան, որը դաշինքի մեծությամբ երկրորդ տնտեսությունն է, կլինի ամենաքիչ տուժած երկրների թվում՝ 0,15-0,3 տոկոս տնտեսական կորուստներով, քանի որ շատ ավելի քիչ է կախված Ռուսաստանից էներգակիրների ներմուծումից: