Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումները միջազգային հարցերում մոտ են եւ հիմնականում համընկնում են։ Այս մասին ասվում է ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Երկրները սերտորեն համագործակցում են ԱՊՀ շրջանակում, փոխգործակցում են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համատեքստում։ Միջազգային հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, մեր երկրները ավանդաբար աջակցում են միմյանց, վճռականորեն մերժում են ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ազգության, լեզվի կամ կրոնի վրա հիմնված խտրականության ցանկացած դրսեւորում։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը համերաշխություն են ցուցաբերում նաեւ նացիզմը հերոսացնելու փորձերի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու եւ պատմությունը կեղծելու փորձերին դիմակայելու հարցում։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ Անվերապահ գործոն է մնում 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերին նվիրվածությունը, որը կոչված է ապահովելու երկարաժամկետ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում այս տարածաշրջանում։
Շատ խորհրդանշական է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը նոր կարգավիճակով են նշում դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Ս․թ․ փետրվարի 22-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Այս փաստաթղթի դրույթներն ուղղված են ապագային։ Նոր դաշնակցային հարաբերությունները նախկինի պես կշարունակեն աստիճանաբար զարգանալ բարիդրացիության, հավասարության եւ միմյանց շահերը հաշվի առնելու ամուր ավանդույթների հիման վրա։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։




























