Ավստրալիան արագացրել է մեծ հեռահարության հարվածային հրթիռներ գնելու ծրագրերը՝ «Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից աճող սպառնալիքների պատճառով», հաղորդում է AP-ը:
Պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնն ասել է, որ կործանիչների եւ ռազմանավերի արագացված վերազինումը կարժենա 3,5 միլիարդ ավստրալական դոլար (2,6 միլիարդ դոլար)։
«Ենթադրություն կար, որ Չինաստանի ագրեսիան Թայվանի դեմ կարող է տեղի ունենալ 2040-ականներին: Կարծում եմ, որ ժամանակացույցը այժմ կտրուկ սեղմված է»,- ասել է նա։
«Երբ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում, կա հեռանկար, որ ռուսները կգնան Լեհաստան կամ որեւէ այլ տեղ Եվրոպայում: Դա կլինի 1930-ականների կրկնությունը, եւ մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա»,- հավելել է Դաթոնը:
Վերանայված ժամանակացույցի համաձայն՝ FA-18F Super Hornets-ը մինչեւ 2024թ․ զինված կլինի ամերիկյան արտադրության «օդ-երկիր» հրթիռներով՝ նախատեսվածից երեք տարի շուտ: JASSM-ER հրթիռները թույլ կտան կործանիչներին խոցել թիրախները 900 կիլոմետր հեռավորության վրա։





























