Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է «Ադրբեջանի կառավարության եւ Իրանի կառավարության միջեւ փոխըմբռնման հուշագիրն Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Իրանի միջոցով հաղորդակցության նոր կապերի ստեղծման մասին», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարն «իրավական հիմք» է ստեղծում Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջների համար՝ միջպետական ​​փաստաթղթում ամրագրելով «Արեւելյան Զանգեզուր» անվանումը։ Հիշեցնենք, որ անվանումը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստանալու Ադրբեջանի փորձերի համատեքստում։

Բաքվի եւ Թեհրանի միջեւ փաստաթուղթը ստորագրվել է 2022 թվականի մարտի 11-ին՝ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքներով:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է չորս կամուրջ, երկու ճանապարհ եւ երկու երկաթուղի, ինչպես նաեւ կապի եւ էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ կառուցել։ Ճանապարհի երկարությունը կկազմի 55 կմ։