Մենք միշտ համարել ենք, որ միջազգային հանրությունը պետք է սկզբունքայնություն ցուցաբերի եւ հասցեական մոտենա այս կամ այն հարցի քննարկմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ «միջազգային հանրություն» հասկացությունն ինքնին տարասեռ է եւ ոչ միաձույլ։ Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը նույնպես միջազգային հանրության մաս են կազմում։
«Յուրաքանչյուր երկիր ունի իր խմբերն ու հոսքերը, որոնք բացահայտորեն աջակցում են նույն Ադրբեջանին կամ Թուրքիային՝ թե գաղափարական մակարդակով, թե ֆինանսապես: Ուստի չի կարելի միջազգային հանրությունից ակնկալել հստակ աշխարհաքաղաքական դիրքորոշում, հատկապես՝ տարասեռության, առանձին երկրների շահերի առկայության, արժեհամակարգի գլոբալ, խորը դեգրադացիայի պայմաններում։ Հատկապես պետք չէ սպասել, որ ամեն ինչ բառացիորեն մեկ վայրկյանում կփոխվի»,- պարզաբանեց Բաբայանը։
Նախարարի խոսքով՝ պետք է շարունակել աշխատանքը՝ միաժամանակ հասկանալով, որ աշխարհաքաղաքականությունը բավական բարդ եւ ժամանակատար գործընթաց է։ Աշխարհաքաղաքականությունը, ըստ նրա, հույզեր չեն, եւ եթե նույնիսկ առկա են, ապա տոկոսի շատ չնչին մասն են կազմում։
«Հետեւաբար, մենք պետք է այս ամենը հաշվի առնենք եւ ճիշտ կառուցենք մեր սեփական աշխարհաքաղաքականությունը։ Ի վերջո, դրանից է կախված մեր ապագան»,- ամփոփեց Բաբայանը։




























